Տեսանյութը պարունակում է հանցագործության հատկանիշներ․ Արման Թաթոյան
Socity2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:
Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
Ու առհասարակ` թեմայով հատուկ արձանագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից.
պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:
Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»,-նշել է նա: