Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է Միլանին
SportԳործակալ Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես գրում է Sempremilan-ը՝ հղում անելով Il Tempo-ին (MilanLive-ի միջոցով), Ռայոլան, Ջանլուիջի Դոննարումայի պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, առաջ է բերել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է հեռանալ հռոմեական ակումբից, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։
Դորտմունդի «Բորուսիայի» և «Արսենալի» նախկին աստղը կարող է որոշում կայացնել տեղափոխվել Իտալիայի մեկ այլ ակումբ, բայց եթե այլընտրանքային տարբերակ չգտնի, 32-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի ստորագրել «Ռոմայի» հետ նոր պայմանագիր․ ավտոմատ պայմանագիրը կերկարաձգվի երկու մրցաշրջանով, ինչպես նշված է հռոմեական ակումբի հետ պայմանգրի կետերից մեկում:
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» կարող է իդեալական լուծում լինել, քանի որ Մխիթարյանը կդառնա Պիոլիի հարձակվողական ոճի գլխավոր կիսապաշտպանը։ Շատ բան կախված կլինի Ժոզե Մոուրինյուից, բայց «Ռոմայի» նոր մարզիչը այնքան էլ լավ հարաբերություններ չուներ Մխիթարյանի հետ՝ դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու տարիներից:
Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։