Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառման խնդիրներ․ տեղի է ունեցել ՄԻՊ–ին առընթեր խորհրդի նիստը
RightԱյսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Նիստին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ:
Նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները: