Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացիժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: Երկուստեք ընդգծվեց Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի: