ԱԱԾ տնօրենն ազատման դիմում չի գրել․ ԱԱԾ-ն ու վարչապետի խոսնակը հերքում են
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, հետևաբար վարչապետը նման դիմում չի ստացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասացին թե՛ ԱԱԾ մամուլի բաժնից, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ վերջին շրջանում ԱԱԾ-ի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ըստ խոսակցությունների՝ պաշտոնանկություններ են սպասվում, ինչը կապված է Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու հետ․ բանն այն է, որ վերջինս ազատվում է հին կադրերից և իր մտերիմներին տեղավորում ախորժելի պաշտոնների, աշխատակիցների մի մասն էլ ազատման դիմումներ է գրում։ Օրեր առաջ՝ Քյարամյանի նշանակվելուց հետո, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն էր ազատման դիմում գրել, որի փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Քյարամյանի մտերիմը՝ Շիրակի դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը։