Հայտնի են BAFTA մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները
CultureԿիրակի կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի (BAFTA) շնորհման 74-րդ արարողությունը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվել է առցանց ձևաչափով: Արարողության անցկացման ավանդական վայրում՝ Լոնդոնի «Ալբերտ Հոլ» սրահում, ներկա են գտնվել միայն հաղորդավարները։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս տարի BAFTA-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը «Բրոնզե դիմակ» է ստացել «Լավագույն Ֆիլմ» , «Լավագույն դերասանուհի» (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։
Չժաոն դարձել Է BAFTA-ի պատմության մեջ երկրորդ կինը, որը հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Առաջինը ամերիկուհի Քեթրին Բիգելոուն էր․ նա հեղինակավոր մրցանակին արժանացել էր 2010 թվականին՝ «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Փիթ Դոքերի «Հոգի» (Soul) մուլտֆիլմը։ Մուլտֆիլմը նաև մրցանակ է ստացել «Լավագույն օրիգինալ սաունդթրեքի» համար:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչել ռեժիսորներ Պիպա Էրլիխի և Ջեյմս Ռիդի «Իմ ութոտնուկ ուսուցիչը» (My Octopus Teacher) ֆիլմը: Ֆիլմի հեղինակները պատմում են հարավաֆրիկյան ութոտնուկի հետ անսովոր բարեկամության մասին ՝ բացահայտելով ստորջրյա բնակիչների գաղտնիքները։