ԱՄՆ-ում Uber-ը 1 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարի կույր կնոջը, որին 14 վարորդներ հրաժարվել են սպասարկել
RightԱՄՆ-ում Uber տաքսի ծառայությունն ավելի քան 1 մլն դոլարի չափով փոխհատուցում կվճարի Կալիֆոռնիա նահանգում բնակվող կույր կնոջը, որին տարբեր վարորդներ հրաժարվել են սպասարկել, գրում է Forbes-ը։
Լիզա Իրվինգն ընկերությանը դատի էր տվել դեռևս 2018 թվականին։ Նրա խոսքով՝ Uber-ի վարորդները 14 անգամ մերժել են սպասարկել իրեն և իր շանը։ Uber-ն, իր հերթին, հայտարարել է՝ ընկերությունը պատասխանատվություն չի կրում վարորդների խտրական գործողությունների համար:
Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիան օրերս որոշել է, որ «Uber-ի աշխատակիցները խախտել են հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը, որի համաձայն՝ տրանսպորտային ծառայություններ մատուցողը պարտավոր է ապահովել այդ ծառայություններին հավասար և արդար հասանելիություն»։
Իրվինգին ներկայացնող Peiffer Wolf իրավաբանական ընկերությունը հայտնել է, որ արբիտրաժային ասոցիացիայի որոշմամբ՝ այժմ Uber-ը նրան պետք է վճարի ավելի քան 1 մլն դոլար: