Մեկնարկել է «Միսս Հայաստան 2021»-ի հայտագրման փուլը․ ինչ չափանիշների պետք է համապատասխանեն մասնակիցները
SocityՀայաստանում հունիս ամսին նախատեսվում է անցկացնել «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հայտագրման փուլն արդեն իսկ մեկնարկել է: Մասնակցության հայտը կարելի է լրացնել մրցույթի պաշտոնական կայքում։ Սա այն մրցույթն է, որի շրջանակում «Միսս Հայաստան» են դարձել մի շարք հայտնի գեղեցկուհիներ` Անգելինա Բաբաջանյանը, Իրինա և Լուսինե Թովմասյան քույրերը, Գոհար Հարությունյանը, նաև` Հայկուհի Մաթևոսյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Միսս Հայաստան-2021» ազգային գեղեցկության մրցույթի փոխնախագահ, մոդել Աննա Դեմիրխանյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգն ու այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մասնակիցները. «Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան, 1․68 սմ-ից բարձր հասակ ունեցող, չամուսնացած և երեխա չունեցող, պլաստիկ վիրահատական միջամտությունների չդիմած ՀՀ քաղաքացիները: Արդեն ունենք մոտ 500 դիմորդ, որոնցից 400-ն անցել է քասթինգը, սակայն եզրափակիչ ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի վերջին, որի ժամանակ կընտրվեն 26 լավագույն աղջիկները։ Իսկ հունիս ամսին տեղի կունենա գալա մրցույթը, որի ժամանակ հայտնի կդառնա հաղթողի անունը»,- ասաց մրցույթի փոխնախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր աղջիկ ներկայանա հայուհու կերպարանքով։
Բնութագրությունը հասանալի չէ
Նա նշեց, որ այս տարվա մրցույթն իր կազմակերպչական աշխատանքով և նախապատրաստական ընթացքով տարբերվում է նախորդ տարիների մրցույթներից․ «Աղջիկների համար նախապատրաստական-ուսուցողական հատուկ ծրագիր է պատրաստվում։ Նրանք մեկ ամիս ապրելու են միասին, նրանց հետ աշխատելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետները՝ հոգեբան, ոճաբան, էթիկետի մասնագետ և այլն, նրանք մասնակցելու են նաև մշակութային բարեգործական ծրագրերի։ Մեր նպատակն է, որպեսզի մրցույթից հետո աղջիկներն ունենան կրթական մակարդակի աճ, որպեսզի պատշաճ կերպով ներկայանան հանրությանը։ Մրցույթին մասնակցելու համար միայն արտաքին գեղեցկություն ունենալը բավական չէ, պետք է ունենալ նաև հարուստ ներաշխարհ և լինել ներկայանալի»,- ասաց Դեմիրխանյանը՝ նշելով, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մրցույթն անցնի բարձր մակարդակով:
Աննա Դեմիրխանյանի խոսքով՝ հաղթող աղջիկն ունենալու է հստակ ծրագիր մեկ տարվա համար, ըստ որի՝ ծառայելու է հայրենիքին՝ իր երկիրը ներկայացնելով միջազգային մրցույթներին։
«Մեր նպատակներն են՝ բարձրացնել Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթների որակական մակարդակը, որովհետև մեր հայուհիները շատ գեղեցիկ են, և պետք է դրա մասին հաճախ խոսել ու ցուցադրել, ամեն տարի շարունակ գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներին ներկայացնել Հայաստանի արժանի ներկայացուցչին, բարձրացնել և հպարտ ծածանել մեր դրոշը»,- իր խոսքը եզրափակեց մրցույթի փոխնախագահը։