Գործադիրն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել համալիր հարկային ստուգումները նպատակային դարձնող օրինագիծ
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով:
«Ըստ Հարկային օրենսգրքի կարգավորումների՝ ի թիվս այլ հանգամանքների, նախատեսված են նաև հետաքննության մարմնի և քննիչի որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքեր: Ըստ առկա կարգավորումների՝ քննիչի կողմից և հետաքննության մարմնի կողմից կայացված որոշումները ենթակա են պարտադիր կատարման և ըստ Հարկային օրենսգրքի 337 և 338 հոդվածների՝ դրանք պետք է լինեն պատճառաբանված: Սակայն օրենսդրական որևէ կարգավորում չունենք պատճառաբանվածության չափանիշների վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ ըստ էության կայացված նմանատիպ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման»:
Ինչ վերաբերում է նրան, որ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում, ապա Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ դրա համար տրվել է հետևյալ ձևակերպումը. հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում՝ կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ կամ հանգամանք կարող է հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ:
«Այս դեպքում նոր միայն ստուգումը ենթակա կլինի պարտադիր կատարման: Որպես զսպող մեխանիզմ, նախատեսվել է նաև տվյալ որոշման օրինականության ստուգման համար պարտադիր պայման՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Նոր միայն այդ որոշումները հաստատվելուց հետո ենթակա կլինեն պարտադիր կատարման»,-ասաց նա: