Պերուում հայտնաբերվել է եզակի որմնանկար՝ դանակը ձեռքին սարդ աստծո պատկերով
Պերուի հյուսիսային մասում հայտնաբերվել է 3200 տարեկան արարողակարգային կենտրոն: Ցավոք, այդ վայրը բավականին ուժգին ավիրվել էր, ինչպես նաեւ խորքային եւ ամբողջական պեղումները դեռեւս առջեւում են, սակայն արդեն այսօր հնագետները հայտարարել են հնագույն գունազարդ որմնանկար հայտնաբերելու մասին, որում պատկերված է դանակով սարդ աստվածը, գրում է Planet Today-ը:
Հաղորդվում է, որ որմնանկարը հայտնաբերվել է անցած տարվա հոկտեմբերին տեղի ֆերմերների կողմից, որոնք, օգտագործելով ծանր տեխնիկա, ընդլայնել են իրենց դաշտերը:
Գիտնականները նշում են, որ որմնանկարի հայտնաբերումը ծառայում է որպես նշան, որ այդ վայրը ժամանակին եղել է արարողակարգային կենտրոն կամ սրբատեղի, որը նվիրված էր ջրի աստվածներին: Այդ թեզի օգտին է խոսում նաեւ այդ տարածքում գետի առկայությունը: Ցավոք, նախքան հնագույն արվեստի ստեղծագործությունը նկատելը ֆերմերները ոչ միտումնավոր հասցրել են քանդել հնագույն տաճարի շուրջ 60 տոկոսը:
Այժմ այդ ստեղծագործության բազմաթիվ մանրամասներ դժվար է հասկանալ, սակայն պարզ է, որ դեղին զիգզագաձեւ մասերը սարդ աստծո ոտքերն են: Դրա մեջտեղում ուղղահայաց գիծը որովայնն է, իսկ վարդագույն հատվածը, որն ուրվագծված է դեղին շրջանակում եւ կապույտ ուղղանկյունով, մեկնաբանվում է՝ որպես դանակի կամ թրի կոթ:
Այժմ արդեն գիտնականների եւ իշխանությունների առջեւ դրված է խնդիր պահպանել այն, ինչ մնացել է այդ որմնանկարից եւ հնագույն սրբատեղու տարածքից: