ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասում է, որ կինը համակերպվել է
Հերոս տղա ունեմ, ժամկետային զինծառայող է։ Պատերազմի ամբողջ ընթացքում՝ առաջին օրից մինչև վերջին օրը մասնակցել է մարտական գործողություններին, Քարվաճառում է եղել։ Մեծացել է, սպիտակել․․․ Պոլիտեխնիկում է սովորում, իր պապի գործն է շարունակում, մի քանի ամիս է մնացել ծառայությանը, ասում է՝ գամ, շինարարական մի ընկերություն մտնեմ, աշխատեմ։ Իրավաբան․net-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ դեմ կլինի արդյո՞ք, եթե իր երեք երեխաներից մեկը որոշի շարունակել իր մասնագիտությունը:
«Աղջիկս բժշկական համալսարանում է սովորում՝ արդեն ասպիրանտուրայում է։ Փոքր տղաս էլ դպրոցական է՝ 9-րդ դասարան, ինքն էլ որոշել է ծրագրավորող դառնալ»։
Եթե ցանկություն ունենան ոստիկանության համակարգ մտնելու, դեմ կլինե՞ք։
Ոչ, իհարկե ոչ, ուրախ կլինեմ, կօգնեմ։
Ձեր կինը չի բողոքու՞մ, որ Ձեզ քիչ է տեսնում։
Համակերպվել է։ Իջևանում 7 տարի բաժնում եմ աշխատել, որից մաքսիմում 3 տարին տանը քնած լինեմ, թե չէ․․․ Բնավորությամբ այնպիսին եմ, որ մինչև գործս չավարտեմ՝ տուն չեմ գնա։ Իմ օպերներին էլ էի ասում՝ մինչև գործը չավարտենք՝ տուն գնացող չկա։ Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի։ Կարևորում եմ խիստ կարգուկանոնը։