Աշխարհի ամենամեծ կտավը վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով
Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի «Մարդկության ճանապարհորդությունը» կոչվող աշխարհի ամենամեծ կտավը Դուբայում աճուրդի է հանվել 62 միլիոն դոլարով, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Khaleej Times-ը:
Ջաֆրին երկու ֆուտբոլային խաղադաշտի չափով կտավի վրա աշխատել է յոթ ամիս Դուբայի Atlantis հյուրանոցում: Նշվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր կտավը 70 մասի բաժանել, այնուհետեւ՝ վաճառել դրանք տարբեր երկրների վեց աճուրդներում ընդհանուր մոտ 30 միլիոն դոլարով:
Նկարի հեղինակը ստացված հասույթը խոստացել է փոխանցել երեխաներին օգնող բարեգործական նախագծերին: «Հուսով ենք, որ 200 միլիոն երեխայի կյանք կփրկենք եւ հնարավորություն կունենանք փոխել աշխարհը... Մենք ուզում ենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա կրթություն ստանալ ինտերնետի միջոցով: Մեր նպատակն է համացանցը մատչելի դարձնել ամենաաղքատ երկրների բնակիչների համար»,- ասել է Ջաֆրին:
Մինչ վաճառքի պահը կտավը մեկ ամիս ցուցադրվում էր հյուրանոցում: Ստեղծագործության գնորդը կրիպտոարժույթով զբաղվող ընկերության ղեկավար Անդրե Աբդունն է: