Հայ - ռուսական «թասիբ» կամ ինչպես միջնամատ ցույց տալ ծերուկ Բայդենին
PoliticsԵրեկ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շնորհավորեց Ղրիմի բնակիչներին՝ Ռուսաստանին վերամիավորվելու 7-րդ տարեդարձի առթիվ:
Այստեղ երկու հետաքրքիր նրբերանգ կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:
Սա կարևոր ժեստ է՝ ընդգծելու համար, թե ինչպիսի որակի հարաբերությունների ջատագով է քաղաքական ուժը Ռուսաստանի հետ, երբ մի կողմ դրած դիվանագիտական այլևայլությունները՝ հրապարակային սատարում են Ղրիմի վերամիավորման գործընթացը:
Երկրորդ կարևոր նրբերանգը. կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը մշտապես շեշտել է՝ Ղրիմը Ռուսաստանի համար նույն նշանակությունն ունի, ինչ Արցախը՝ Հայաստանի համար: Հրապարակավ սատարելով Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին՝ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդը ընդգծում է Արցախի ու Ղրիմի հիմնահարցերի նույնականությունը և շեշտում՝ Ռուսաստանից մեր կենսական շահերի պաշտպանություն ակնկալելուց առաջ նախ ինքներս պետք է պաշտպանենք Ռուսաստանի կենսական շահերը:
Նույն հայտարարության համատեքստում մշտապես արևմտյան գրանտային կազմակերպությունների դեմ պայքարած և ԱՄՆ դեսպանատան սև ցուցակի առաջին հորիզոնականում հայտնված Խաչիկ Ասրյանը չափազանց կոպիտ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Բայդենի մասին՝ քննադատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած մարդասպան արտահայտությանը: Ո՞վ է իսկական մարդասպանը. իր ժողովրդի, իր պետության տարածքային ամբողջականությունն, իր դաշնակից և բարեկամ ժողովուրդների անվտանգությունը պաշտպանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՞ անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող ԱՄՆ նախագահներն՝ ի դեմս փտած ծերուկ Բայդենի,- շեշտում է «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդը:
Սա նոր սկսվող սառը պատերազմի ընթացքում թերևս առաջին միջազգային հրապարակային սատարումն է ՌԴ ղեկավարին՝ քաղաքական ուժի կողմից: Իհարկե, Խաչիկ Ասրյանը շատ լավ հասկանում է, որ հերթական անգամ արևմտյան կազմակերպությունների նիզակները իր դեմ են ուղղվելու, բայց այդ հարվածը ընդունելով վերահաստատում է՝ ինքը հայ - ռուսական արժանապատիվ հարաբերությունների կողմնակիցն է, և թե սովորական կյանքում, թե միջպետական հարաբերություններում իսկական ընկերները կռվի ժամանակ միայնակ չեն թողնում:
Ռուբեն Աղաջանյան