Բուդապեշտ. Սլավիկ Գալստյանը տարավ 2 հաղթանակ և կմրցի ադրբեջանցու հետ
SportՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում մարտի 20-ին պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականն ունի 4 ներկայացուցիչ՝ Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը, որը պայքարից դուրս թողեց Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին:
Արթուր Շահինյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 6:2 հաշվով հաղթելով խորվաթ Իվան Հուկլեկին: Գյումրեցի ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի վրացի Լաշա Գոբաձեն:
2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի լեհ Դավիդ Էրսետիչը:
Դավիթ Օվասապյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ֆինն Յոհանես Մաենպաեաեի հետ:
Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել: