Ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ
SocityԷջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհն ու ծանր վիրավորները սպաներ են, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր որ Էջմիածնի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս, 57-ամյա փոխգնդապետ Հովիկ Քոսակյանն է (լուսանկարում՝ ձախից), իսկ վիրավորները՝ նույն ռազմական համալսարանի դասախոսներ, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը (լուսանկարում՝ աջից), պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:
Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:
Աղբյուրը նշում է, որ ճակատագրի բերմամբ՝ փոխգնդապետ, ռազմական բուհի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս Հովիկ Քոսակյանը (ողբերգական պատահարի ժամանակ զոհված սպան), պահեստազորի գնդապետ Պավել Թոփչյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված սպան) և պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր, դասախոս Աշոտ Շեկիկյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված մյուս սպան) 2020 թ. հունվարի 28-ին, Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում այցելել էին Yerkir.am-ի խմբագրություն և երեքով միասին ներկայացրել իրենց անցած մարտական փառավոր ուղին, ներկայացրել ջերմ և անմոռաց հիշողություններ Արցախյան ազատամարտից, Հայոց բանակի կազմավորման դժվարին շրջանից…
«Ի դեպ, ինչպես հատուկ է զինվորականներից շատերին, և՛ Քոսակյանը, և՛ Թոփչյանը, և՛ Շեկիկյանը երբեք հանդես չեն եկել զանգվածային լրատվամիջոցներով, և Yerkir.am-ին հանձնած ծավալուն հիշողությունները նրանց առաջին, իսկ փոխգնդապետ Քոսակյանի պարագայում, ցավոք, վերջին հարցազրույցն էր», գրում է yerkir.am-ը: