Ռուս խաղաղապահներն են եկել Տավուշի մարզ, բայց չգիտենք` ինչ նպատակով. Ազատամուտի համայնքապետ
SocityՌուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, ինձ այդ մասին զինվորականներն են հայտնել, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:
«Ես անձամբ չեմ տեսել, բայց ինձ զինվորականները հայտնել են, որ ռուսները եկել են, բայց ադրբեջանցիներ չեն եկել, դրոշներ չեն դրել, նման բան չկա: Մենք չգիտենք` ռուսներն ինչի համար են եկել, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան, բայց պաշտոնական ոչ մի բան չկա: Ասում են, որ Նոյեմբերյանի կողմ են գնացել ռուս խաղաղապահները, մի քանի պիկապներով են եղել»,- ասաց նա:
Բեգինյանի խոսքով սահմանազատման գործընթացներ տեղի չեն ունենում:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»: