Եթե մեր անելիքն է, կանենք, կզեկուցենք․ Այգու պատճառով Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը լարված զրույց ունեցան
EconoмицсԱյսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց, թե որ փուլում է Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նախ խոսեց Այգեպարի մասին՝ հայտարարելով, որ այնտեղ առաջին փորձն է արվել, ապաստարան է կառուցվում, արդեն ավարտական փուլում է. «Այնտեղ մի փոքր խնդիր ունեցանք, շինարարը հիվանդացավ, հետո մահացավ, հիմա աշխատանքները պետք է վերսկսվեն: Ավարտում ենք արդեն»:
«Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրացման հետ կապված, դեռ հնարավոր չի եղել այն գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի աշխատանքները հնարավոր լինի սկսել: Սեփականատիրոջ հետ կապված խնդիրներ կան, դատական պրոցեսներ են ընթանում»,-ասաց Ղուլարյանը՝ հավաստիացնելով, որ հարցը կլուծվի:
Փաշինյանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ չի լուծվել, Ղուլարյանն ասաց, որ դա պետք է համայնքը լուծեր:
«Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել են, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չէ»,-ասաց Փաշինյանը:
Ղուլարյանն ասաց, որ հողային աշխատանքները կատարել են ու կանգնել:
Սուրեն Պապիկյանն իր հերթին ասաց, որ հետամուտ կլինեն, կճշտեն:
Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերին են գնացել այդ հարցի համար, բայց պարզվում է, որ հարցը դեռ չի լուծվել:
«Պարոն վարչապետ, կպարզեմ, կզեկուցեմ»,-ասաց Պապիկյանը:
«Պետք չէ պարզել: Պետք է գնալ, լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,-զայրացավ Փաշինյանը:
«Եթե մեր անելիքն է, կանենք, կզեկուցենք»,-պատասխանեց Պապիկյանը: