Եթե մենք այս տեմպը չկոտրենք, հունիսի վերջին կունենանք կորոնավիրուսի 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով. վարչապետ
Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում ևս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ: Այս մասին այսօր, ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում ու Երևանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել:
«Եկել է ժամանակը, որ մենք բազմակի լրջությամբ վերաբերվենք իրավիճակին: Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10 000, հունիսի 12-ին՝ 20 000, հունիսի վերջին՝ մոտավորապես 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Մենք թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում: Մենք բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ խնդրի պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,-ասել է Փաշինյանը: