«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրաժարվելով արտահերթ ընտրությունների օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը երկիրը տանում են քաղաքացիական բախումների ու քաոսի ճանապարհով։ Սա իսկապես ազգադավ պատուհասի արկածախնդրություն է, որը պատուհան է բացում անկանխատեսելի ցնցումների համար՝ ստեղծելով անվտանգային նոր ռիսկեր։
Մի կողմից, Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ իշխանության քաղաքական և ինստիտուցիոնալ սնանկությունը, մյուս կողմից՝ հին համակարգի ռևանշիստական նկրտումները, երկիրը կանգնեցրել են համապարփակ ճգնաժամի անդունդին։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները գործող անփառունակ իշխանությունից ազատվելու, որակապես նոր իշխանություն ձևավորելու, կապիտուլյացիայի հետևանքները չեզոքացնելու և երկրի բնականոն զարգացումը երաշխավորող միակ լեգիտիմ գործիքակազմն են։
Հայաստանի հասարակությունն ու «Հոկտեմբերի 27-Նոյեմբերի 9» խայտառակ, փակուղային երկընտրանքից դուրս գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն արտահերթ ընտրությունների անցկացման ու որակապես նոր իշխանության ձևավորման օրակարգի շուրջ։
Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Մենք իշխանություններին պարտադրելու ենք այդ օրակարգը: