«Սիրտը չդիմացավ այս քաոսին, դավաճանություններին». Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տվեցին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին: Անվանի դերասանին հրաժեշտ տալու էին եկել ընկերները, հարազատները, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ:
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ավելորդ համարեց խոսել Վիգեն Ստեփանյանի արվեստի մասին, քանի որ բոլորն են տեսել և զգացել, թե ինչ արվեստագետ էր նա.
«Նրա դերակատարումները, նրա գրած պիեսները… իսկ որպես մարդ՝ հրաշալի մարդ էր: Սա մեծ ցավ է, մեծ կորուստ է բոլորիս համար: Ցավակցում եմ ոչ միայն հարազատներին, ընկերներին, այլև մեր ժողովրդին, որովհետև մի հրաշալի մարդ, հրաշալի արվեստագետ, հրաշալի ընկեր կորցրեցինք, շատ ափսոս»:
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ աշխատել են Վիգեն Ստեփանյանի հետ, և, որ շատ լավ հիշողություններ կան դերասանի հետ կապված.
«Ցավոք սրտի, մենք հերթով կորցնում ենք մեր ընկերներին, շատ տխուր է: Լավ ընկեր, լավ դերասան, լավ ռեժիսոր, լավ մարդ, լավ ամուսին, բայց ինչ արած, կյանքն անակնկալներ է մատուցում: Ի՞նչ ասեմ, հողը թող թեթև լինի իր վրա»:
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն էլ ցավով նշեց, որ Վիգեն Ստեփանյանի սիրտը չդիմացավ Արցախի հետ կատարվածին.
«Իսկապես սիրտը չդիմացավ, կաթվածը հենց դրա հետևանքն էր, այս քաոսը, խառնաշփոթը, այսքան շատ դավաճանություններ, այս ամեն ինչին չդիմացավ: Ափսոսում եմ շատ, նա դեռ երկար տարիներ պետք է լիներ մեր շարքերում, և միասին պետք է արարեինք»:
Հիշեցնենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը մահացել է հունվարի 19-ին՝ ուղեղի կաթվածից: Դերասանը 68 տարեկան էր։
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ՝ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: