Բայդենի վարչակազմը Ռուսաստանին առաջարկում է հինգ տարով երկարաձգել СНВ պայմանագիրը
Բայդենի վարչակազմը Ռուսաստանին առաջարկում է հինգ տարով երկարաձգել СНВ նոր պայմանագիրը, որը սահմանափակում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական միջուկային սպառազինությունների քանակը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյաներին:
Առաջարկը փոխանցվել է Ռուսաստանի պաշտոնատար անձանց, ասել է պաշտոնյան: ԱՄՆ երկրորդ պաշտոնյան, որը նույնպես խնդրել է չհրապարակել իր անունը, հաստատել է առաջարկը, բայց մանրամասներ չի հաղորդել:
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը նախատեսում է հինգշաբթի կեսօրին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին հանձնել երկարաձգման առաջարկը, ասել է պաշտոնյան:
Պայմանագրի ժամկետն ավարտվում է փետրվարի 5-ին:
Նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել գործարքը՝ պնդելով, որ այն ԱՄՆ-ին դրել է ոչ շահեկան վիճակի մեջ: Նրա վարչակազմը սպասում էր մինչեւ անցյալ տարի, որպեսզի Ռուսաստանին ներգրավեր պայմանագրի ապագայի վերաբերյալ առարկայական բանակցություններում: Թրամփը պնդում էր այդ պայմանագրում ներառել Չինաստանին, սակայն Պեկինը միանգամից մերժեց գաղափարը: