«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2020-ի վերջին մեկնեց ԱՄՆ, ինչից շատերը ենթադրեցին, թե Իննան մտադրվել է բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Տոներից հետո Իննան արդեն Հայաստանում է և Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է ինչպես ԱՄՆ-ում անցկացրած օրերի, այնպես էլ հետագայում այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին:
Այցի բուն նպատակը բացահայտել Իննան չի շտապում, սակայն նկատեց, որ Հայաստանի համար բավականին ծանր այս շրջանում, երբ ինքն էլ ընկճված էր, ճամփորդությունն օգնել է վերականգնել ուժերը:
«Ալտերնատիվ կոնտեքստում սա շունչ քաշելու շանս էր: Վերջին շրջանում ակնհայտ հոգեկան անհավասարակշռություն էր նկատվում մոտս՝ վերջին իրադարձություններից ելնելով,- ասաց նա ու հավելեց, որ ճամփորդությունն իր դրական ազդեցությունն ունեցել է,- Կստեմ, եթե ասեմ՝ չօգնեց: Ինքս տեսել եմ ինչ ապրումների մեջ էր ամերիկահայությունը, շատերի միջոցով Հայաստանում պատերազմի ժամանակ մեծ օգնություն եմ կազմակերպել ու աջակցել: Բայց գիտեք, ժողովրդական ճիշտ խոսք ունենք` հեռվից ամեն բան քաղցր է: Հեռավորության վրա մի ակնթարթ գոնե կարողանում ես պոկվել վատ երազից: Բացի դրանից, ինչ-որ կետում ամեն բան վերածվեց քաղաքական լպիրշ քաշքշուկի, որն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Իմ ապրումները մնացին նոյեմբերի 9-ի գիշերվա մեջ»:
Պատերազմի արդյունքում ձևավորված վախը, սակայն, Իննային ԱՄՆ-ում էլ է ուղեկցել. «Առաջին օրն էր, ինչ Միացյալ Նահանգներում էի, տնից դուրս եկա, բանալիով պիտի փակեի դուռը` շատ ցածր ու ուժեղ ձայնով ուղղաթիռ անցավ տան վրայով: Կայծակնային արագությամբ հետ մտա տուն ու շունչս պահեցի: Ես առաջին անգամ հասկացա, որ վախեցած եմ, կոկորդս սեղմվեց: Մտքիցս երբեք այդ դրվագը դուրս չի գա: Խոնարհվում եմ բոլոր այն արցախցիների առջև, ովքեր այդ վախի մեջ էին շուրջ 40 օր ու դեռ կայուն են մնացել»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու լուրերին՝ Իննան ասաց. «Այդ մտադրությամբ չէի մեկնել հաստատ: Հետադարձիս օրը մեկնելուց արդեն որոշված էր: Ինչ վերաբերում է հետագայի պլաններիս՝ մենք այս վիճակում նույնիսկ չգիտենք վաղը մեզ ինչ է սպասվում... Ես չգիտեմ, դու չգիտես, մեզ նման ժողովուրդն էս պահին անորոշ ապագա ունի»:
Չնայած ամերիկյան և հայկական իրականությունների ծայրահեղ տարբերությանը՝ Իննան ասաց, որ վերադառնալուց հետո ադապտանալու խնդիր չի ունեցել. «Ես վերադարձա նույն կետին, որից մեկնել էի: Ամեն ինչ նույնն է, ինչ մի ամիս առաջ»:
ԱՄՆ-ում էր նաև դերասան Զիրոյանը, ում հետ անձնական հարաբերությունների մասին Իննան չի խոսում: Նրանք համատեղ իրականացնում են «Չինգաչունգ» համացանցային նախագիծը, որի նոր թողարկումը նկարահանել են հենց ԱՄՆ-ում:
«Ամեն մեկս մեր գործերն ունեինք էնտեղ, իհարկե, բայց շատ կարևոր էր փորձնական «Չինգաչունգ» նկարահանել` ծրագիրը հետագայում Հայաստանի շրջանակներից դուրս հանելու բարդությունները, լավ ու վատ կողմերը և այլ նրբությունները հասկանալու համար»,- պարզաբանեց Իննան:
Այս փուլում շատերը փորձում են վերադառնալ աշխատանքի: «Երկուսով» հեռուստասերիալը, որում նկարահանվում են Իննան և Զիրոյանը, այժմ դադարի մեջ է: Հարցին, թե աշխատանքային ի՞նչ ծրագրեր ունի հիմա, Իննան պատասխանեց. «Ինքնազարգացման և մասնագիտական բաց ունեմ հստակ ուղղությամբ, որը մինչև ամառ պիտի լրացնեմ: Նոր նպատակներ ունեմ, որոնց մասին վաղ է խոսել: Աշխատանքային եթերային պլաններից ևս մի փոքր վաղ է խոսել, բայց նորություններ լինելու են: Բոլորս բարդ վերականգնողական փուլում ենք, համաճարակն ու պատերազմը բոլորին տապալեցին առանց բացառության»: