«Գնացեք ձեր Ղարաբաղ, ես ղարաբաղցիներին չեմ սպասարկում…». Բուժքույրը՝ հադրութեցի կնոջը
Հավատարիմ Հիպոկրատի երդմա՞նը, թե՞…
Արցախից պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներս, որ այսօր ստիպված ենք անցնել բազմաթիվ փորձությունների միջով, ստիպված ենք դիմակայել նաև որոշ «մարդկանց» վերաբերմունքին։
Օրեր առաջ (05.01.2021թ.,ժամը՝12։31_ին) թոքերի ռենտգենի համար դիմեցինք Համալսարանական «Հերացու» անվ. թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ մեզ «անակնկալ» էր սպասվում։
Ռենտգենոլոգի բուժքույրը, ավելի ճիշտ՝ աշխատանքի ժամին շյուղերով գուլպա կամ եսիմ ինչ գործող, «մուննաթ» դեմքով, ոչ բարյացակամ մի տիկին, միանգամից «հարձակվեց» մեզ վրա՝ «գնացեք ձեր Ղարաբաղ, ես ղարաբաղցիներին չեմ սպասարկում…» ու նմանատիպ արտահայտություններով։
Ճիշտ է, անչափ շնորհակալ ենք բժշկուհի Ն.Դավթյանից, բայց ուզում եմ՝ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանի ուշադրությունը հրավիրել այս երևույթի ու կոնկրետ շյուղագործ բուժքրոջ պահվածքի վրա։
Հարգելի նախարար, արդյո՞ք Ձեր համակարգի աշխատողները հավատարիմ են Հիպոկրատի երդմանը, թե՞….
Ի դեպ, վերոնշյալ անձի նման վերաբերմունքին արժանացել են նաև այլ արցախցիներ։