Հայաստանը նախատեսում է 2250 ապրանքատեսակ ներմուծել Իրանից՝ Թուրքիայի փոխարեն
Հայաստանը նախատեսում է Իրանից ներմուծել ավելի քան 2 250 ապրանք՝ Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ֆոնին: Այս մասին ասել է Իրանի առևտրի աջակցության կազմակերպության ներկայացուցիչը, փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Ըստ պաշտոնյայի՝ սա լավ հնարավորություն է իրանցի արտադրողների համար:
Բացի այդ՝ կազմակերպության ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանի հաջորդ քայլը կլինի Իրանից անհրաժեշտ հումքի մատակարարումը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը վեց ամսով դադարեցրել էր թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության:
Արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից: