ՏՄՊՊՀ–ն «Լենովո» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար նախազգուշացում է կիրառել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար նախազգուշացում է կիրառել:
«Մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաեւ կամայականության դրսեւորումը: Վարույթի քննությամբ պարզվել է, որ «Լենովո» ընկերությունը, հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրելու ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաեւ նպատակ ունենալով կրճատելու այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծող տնտեսվարող սուբյեկտների քանակը, արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել եւ օգտագործել հայտարարագրով ձեւակերպված ապրանքները:
«Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերությանը հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ սահմանելով «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը թույլատրելու գործընթացի վերաբերյալ անաչառ, ողջամիտ եւ ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված, իրավաչափ նպատակ հետապնդող պայմաններ, որոնց բացակայնության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կանգնում են զգալի ֆինանսական կորուստներ կրելու, ինչպես նաեւ շուկայից դուրս մղվելու ռիսկի առաջ»,– ասվում է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ կից՝ http://www.competition.am/uploads/resources/Vo369_17_12_2020.pdf