«ՌԴ-ն և Թուրքիան կարող են այնպես անել, որ տարածաշրջանում պատերազմ չլինի»
Ռուսաստանը և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր տարածաշրջանում Ռուսաստանը և Թուրքիան հանդիսանում են խոշոր երկրներ, որոնք կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը: Համենայնդեպս, այնպես անել, որ պատերազմ չլինի», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ ունեն: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների փոխհարաբերությունները թույլ են տալիս նույնիսկ տարաձայնությունների և շահերի բախման դեպքում «իրավիճակին համահունչ ներդաշնակ լուծում գտնել»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երբեմն առանձին հարցերի վերաբերյալ հակասություններ ունի, սակայն «թուրք առաջնորդը մի մարդ է, ով պահում է խոսքը»: