Վարչապետը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել. ինչ է պատմում անհետ կորած զինվորի հարազատը Փաշինյանի հետ 4 ժամ տևած հանդիպումից
SocityԱնհետ կորած զինվորի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով այսօր` դեկտեմբերի 25-ին, 15 հոգանոց խմբի հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ոչ մի հարցի վերաբերյալ բավարար պատասխան չեն ստացել:
Գալստյանը նշել է, որ վարչապետը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել անհետ կորածների հարազատներից. «Երեքշաբթի օրը մենք նորից այց ունենք կառավարություն` վարչապետից ստանալու ռեալ պատասխաններ, և մենք պահանջելու ենք, որպեսզի հստակ ժամանակով և օրով մեզ ասի` որը որից հետո է»,- ասաց նա:
Անհետ կորածի հորեղբայրը նաև նշեց, որ կառավարության անդամներին խնդրել են, որ ամեն ինչ արվի թափանցիկ, որպեսզի հայ ազգը հասկանա` ինչ է իրականում կատարվում:
«Եթե ունենք կառավարություն, թող թույլ տան բաց, տետ-ա-տետ հանդիպում, որպեսզի բոլորին հասանելի լինի: Նորից կարող ենք գալ 5-10 ծնողով, բայց թող լինի թափանցիկ»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել՝ ժամեր շարունակ փակ պահելով Բաղրամյան-Պռոշյան փողոցները: Նրանց առաջարկվել էր հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը մերժվել էր: Հարազատների պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել ընդունել և լսել նրանց։ Իսկ այսօր արդեն՝ ժամը 10:00-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկումը։
Նշենք, որ անհետ կորածների հարազատների պահանջներն են՝
1. բանակցել և որոնել անհետ կորածներին
2. տեր կանգնել գերի ընկած մեր տղաներին, ապահովել նրանց շուտափույթ վերադարձը
3. ձեռք բերել ԴՆԹ թեստավորման սարքեր, քանի որ այս տեմպերով դիերի ճանաչման գործընթացը կտևի մի քանի տարի
4. շրջափակումից դուրս բերել զինվորական և քաղաքացիական անձանց
5. շարունակել դիերի որոնման աշխատանքները: